ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար
06.03.2009 | 00:00

ԺԽՏՈՂԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
(սկիզբը` թիվ 14-ում)
Թուրքագիտության ինստիտուտն այդ ժամանակից ի վեր խոշոր նվիրատվություններ է ստացել Թուրքիային զենք վաճառող ամերիկյան ռազմական կապալառուներից, ներառյալ` «Ջեներալ Դայնամիքս»-ը (General Dynamics) և «Վեսթինգհաուս»-ը (Westinghouse): Թուրքիան շարունակում է ամենամյա սուբսիդիաներ տրամադրել ինստիտուտին: 2006 թ. (սա ամենավերջին տարին է, որի վերաբերյալ հարկային տվյալներ կան) ինստիտուտը 85000 դոլարի դրամաշնորհներ է տրամադրել գիտնականներին: Հաստատության նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի գործող դեսպան Նաբի Սենսոյն է:
Գիտական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը մերժող այս «ինդուստրիայի» ազդեցության ծավալման առաջին անհերքելի ապացույցը «ժամանեց» 1990 թ. Նյու Յորքի Սիթի համալսարանի շրջանավարտների կենտրոնի և Ջոն Լեյ քոլեջի պրոֆեսոր, հոգեբան և հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին հասցեագրված ծրարում: Ծրարում նամակ կար` ստորագրված այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նուժեթ Քանդեմիրի կողմից: Դեսպանը բողոքում էր գիտնականի` «Նացիստական բժիշկները. բժշկական սպանություններ և ցեղասպանության հոգեբանությունը» վերնագրով մրցանակակիր գրքում տեղ գտած` Հայոց ցեղասպանության մի քանի թռուցիկ վկայակոչումների դեմ:
«Հատկապես մտահոգիչ է, որ ողջակիզման (ողբերգություն, որի հրեշայնությունն ու բարբարոսությունը երբեք չպետք է մոռացվի) գծով խոշոր գիտնականը կարող է այդքան անզգույշ լինել իր մասնագիտական դաշտից դուրս գտնվող հարցի վերաբերյալ հղումներում,- գրել էր Քանդեմիրը:- Մոլորյալ հայ ազգայնականների հրահրած ողբերգական քաղաքացիական պատերազմի և դրա պատճառով և՛ մահմեդականների, և՛ քրիստոնյաների կրած մարդկային տառապանքների համեմատությունը մի ժողովրդի սիստեմատիկ բնաջնջման ծրագրված փորձի հետ պարզապես անհեթեթություն է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են պատմությանը»:
Արտասովոր ոչ մի բան չկար Քանդեմիրի նամակում: Թուրքական իշխանություններն այն ժամանակ և հիմա էլ պարբերաբար դատափետում են այն գիտնականներին, որոնք գրում են Հայոց ցեղասպանության մասին:
Լիֆթոնի հետաքրքրությունը, սակայն, շարժեց երկրորդ նամակը, որը թուրք դիվանագետը պատահաբար էր դրել ծրարում: Դա Մերձավոր Արևելքի գծով պատմաբան Հիթ Լոուրիի` Քանդեմիրին ուղղված զեկուցագիրն էր` կետ առ կետ շարադրված հուշաթերթիկ, թե ինչպես պետք է «գրոհել» Լիֆթոնի գիրքը, որը Լոուրին անվանում էր «մեր խնդիրը»:
Այդ ժամանակ Լոուրին թուրքագիտության ինստիտուտի հիմնադիր տնօրենն էր: Նա այդ պաշտոնից հրաժարվեց 1996-ին, երբ 20 թեկնածուների միջից ընտրվեց Փրինսթոնի համալսարանի Աթաթուրքի անվան թուրքագիտության ամբիոնի վարիչ (նոր պաշտոն, որը Թուրքիայի կառավարության տրամադրած $750000 գրանտով ստեղծվել էր Մերձավորարևելյան ուսումնասիրությունների (Near Eastern Studies) ֆակուլտետում):
Փրինսթոնի դասախոսական կազմին միանալուց առաջ Լոուրին երբեք դասախոսի մշտական աշխատանք չէր ունեցել և որևէ խոշոր հրատարակչատան միջոցով ոչ մի գիտական աշխատություն չէր հրապարակել: Դրա և, ինչպես 1995 թ. «Բոստոն Գլոուբ»-ն է բնութագրել` «թուրքական կառավարության երկարամյա լոբբիստ»-ի նրա աշխատանքի պատճառով նրա նշանակումը փոթորկալից վիճաբանության պատճառ դարձավ: «Փրինսթոնի շրջանավարտները` հանուն վստահության» կոչվող բողոքի խումբը Լոուրիի նշանակումը դատապարտող հայտարարություն հրապարակեց, որը ստորագրել էին ավելի քան 80 առաջատար գիտնականներ ու գրողներ, այդ թվում` Կուրտ Վոնեգութը, Արթուր Միլլերը, Քոռնել Վեսթը, Ջոյս Քառոլ Օութսը, և բազմաթիվ այլ պատմաբաններ ու ցեղասպանագետներ:
Քոլգեյթի համալսարանի բարոյագիտության և աշխարհի հասարակությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գրքի հեղինակ Պիտեր Բալաքյանը Լոուրիին անվանել է «օտար կառավարության քարոզիչ»:
2005-ին ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված Փրինսթոնի գիտաժողովում` Բալաքյանը հռետորական հարց հնչեցրեց. «Կցանկանա՞ր, արդյոք, համալսարանը, որ նեոնացիստական խմբի հետ աշխատող մեկն իր ֆակուլտետում զբաղվեր ողջակիզումը կոծկելով»:
Թուրքիայի փոխհարաբերությունները Հայոց ցեղասպանության մերժումն առաջ մղող ամերիկացի գիտնականների հետ նման են նավթարդյունաբերության և գլոբալ տաքացման իսկությունը հերքող մարգինալ կլիմայագետների միջև հարաբերություններին: Պատճառահետևանքային կապը հստակ չէ: Անհնար է վստահաբար ասել` նրանք այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի վճարվե՞ն, թե՞ վճարվում են, քանի որ նման հայտարարություններ են անում: Շատերն էլ, ովքեր թուրքագիտության ինստիտուտից գումարներ են ստանում, ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն անում` պաշտպանելու կառավարության վարկածը, թե ինչ է տեղի ունեցել իրենց հայ փոքրամասնության հետ:
Անշուշտ, նրանց մի մասը, այդ թվում` Լուիսվիլի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջասթին ՄքՔարթին, աշխատում է այդ ուղղությամբ: ՄքՔարթին պնդում է, թե «այս մտացածին թուրքական ծրագրին» (ինչպես ինքն է որակում) վերագրվող զոհերի թիվը կոպտորեն չափազանցված է, և այդ զոհերը հետևանք են արդարացված ինքնապաշտպանական գործողությունների, որ հրահրել են դավաճան հայերը` պատերազմի ընթացքում Թուրքիայի դեմ վերջինիս թշնամիների հետ դավադրություն ծրագրելով:
ՄքՔարթին նաև ընդգծում է, որ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունից առաջ առնվազն մեկ դեպքում հայերն են կոտորել թուրքերին: Այլ խոսքով` նրանք են եղել դրդողները: «Ե՛վ պատմական, և՛ բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, թե ով է սկսել բախումները»,- հայտարարել է ՄքՔարթին 2005 թ.` ելույթ ունենալով Թուրքիայի Մեծ ազգային ժողովում: «Ավելի քան 100 տարի տևած պատերազմական գործողություններում հայերը և թուրքերը կոտորել են իրար: Պետք է հասկանալ, թե ով է սկսել սպանությունները, որովհետև ագրեսորը հազվադեպ է արդարացվում, մինչդեռ ինքնապաշտպանությունը միշտ է արդարացվում»:
Այնուհետև շարունակելով` նա ասել է. «Եթե նրանք, ովքեր ինքնապաշտպանվում են` անցնելով պաշտպանության սահմանը և վրեժի են ձգտում, ինչպես սովորաբար տեղի է ունենում պատերազմներում, ապա նրանք պետք է բացահայտվեն ու քննադատվեն: Բայց ամենից շատ պետք է մեղադրել նրանց, ովքեր սկսել են պատերազմը, նրանց, ովքեր իրականացրել են առաջին չարագործությունները, և նրանց, ովքեր արյունահեղության պատճառ են դարձել: Հայ ազգայնականները, հայ հեղափոխականներն են սկսել բախումները: Մեղքը նրանց վրա է»:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

Ֆրանսիայում և Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելը հանցանք է: Թուրքիայում հանցանք է այն հաստատելը:
2005 թ. ուժի մեջ մտած Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով անօրինական է համարվում Թուրքիայի որևէ քաղաքացու կամ բնակչի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Այս օրենքով` «թրքությունը վիրավորելու» մեղադրանքով բազմաթիվ լրագրողներ ու գիտնականներ են դատապարտվել` սկսած Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքից, որը մեղադրվեց հետևյալ հայտարարության համար. «Մեկ միլիոն հայ է սպանվել այս հողերում»: Թուրքահայ թերթի խմբագիր Հրանտ Դինքի դեմ երեք անգամ մեղադրանք է հարուցվել Հայոց ցեղասպանությունը մերժելու Թուրքիայի կառավարության երկարատև քաղաքականությունը քննադատելու համար:
Մինչ օրենքն անկարող էր լռեցնել Դինքին, դա արեցին փամփուշտները: Անցած տարվա հունվարին նա սպանվեց Ստամբուլի կենտրոնում գտնվող իր գրասենյակի մոտ, թուրք ծայրահեղ ազգայնականի արձակած կրակոցից: Հետագայում հրապարակված տեսագրությունում և լուսանկարներում երևում էր, թե մարդասպանն ինչպես է ցնծում Թուրքիայի դրոշի առջև, կողքին ոստիկաններ` լայն ժպիտը դեմքներին:
Դինքի ընկերն ու գաղափարական դաշնակիցը, թուրք ականավոր պատմաբան, սոցիոլոգ, Մինեսոտայի համալսարանի Ողջակիզման և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը, չնայած իր կյանքին սպառնացող լուրջ վտանգին, մասնակցեց Թուրքիայում Դինքի հուղարկավորությանը: Աքչամը, որը Հայոց ցեղասպանության հարցերով համաշխարհային առաջատար հեղինակություն է, թուրք ծայրահեղ ազգայնականների սպառնալից նշանառության տակ էր հայտնվել 2006 թ. նոյեմբերին իր` «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը» վերնագրով գրքի հրապարակումից հետո: Գիրքը փաստացի պատմություն է, որը գլխավորապես հիմնված է Թուրքիայի կառավարական արխիվներից հանված պաշտոնական փաստաթղթերի վրա:
«Աշխարհի խաղաղության և ճշմարտության համար ավելի լավ կլիներ, եթե քեզ նման կեղտաջրի մանրէները վերացվեին երկրագնդի երեսից,- գրված էր Աքչամին ուղղված տասնյակ անանուն նամակներից մեկում, որոնք նա շարունակում է ստանալ Մինեսոտայում:
-Աղոթիր, որ սատանան քեզ տանի շուտով, քանի որ հակառակ դեպքում երկրի վրա քո կյանքը դժոխքի կվերածվի… Ո՞վ եմ ես: Շուտով կիմանաս, Թաներ, շուտով կիմանաս»:
Իրականում թուրք ծայրահեղ ազգայնականները թիրախ են դարձրել բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր, Աքչամի նման, հաստատում են ցեղասպանությունը: Նրանց կայքէջերից մի քանիսում զետեղված են այդ գիտնականների տան հասցեները, հեռախոսահամարներն ու լուսանկարները:
Ցեղասպանությունը մերժողները հաճախ ընդհատում են Աքչամի դասախոսությունները: 2006 թ. նոյեմբերին մի խումբ ծայրահեղ ազգայնականներ հարձակվեցին նրա վրա` Նյու Յորքի Սիթի համալսարանում իր գրքի շնորհանդեսի ժամանակ:
«Հայոց ցեղասպանության մերժումը զարգացել է տասնամյակների ընթացքում` վերածվելով բարդ ու ազդեցիկ մեքենայի, որ կարող է մրցակցել նացիստական Գերմանիայի քարոզչության նախարարության հետ,- ասում է Աքչամը:- Այս մեքենան գործում է` հիմնվելով ակադեմիական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների, ահաբեկումների ու սպառնալիքների վրա, որոնք բոլորն էլ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ֆինանսավորվում և աջակցություն են ստանում թուրքական պետությունից: Սա հսկայական արդյունաբերություն է դարձել»:
(շարունակելի)
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից

http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ